Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Կրեմլի երեք կանոնները

Կրեմլի երեք կանոնները
25.03.2016 | 09:52

Վերջերս Կրեմլում պարգևատրման արարողության ժամանակ նախագահ Վլադիմիր Պուտինը պատմում էր երկրի ձեռքբերումների մասին, բայց հետո ընդունեց, որ դեռ շատ չլուծված խնդիրներ կան ու զգուշացրեց «հաջողություններից գլխապտույտից»: The New York Times-ում Մաքսիմ Տրուդոլյուբովը գրում է, որ չի կարելի չափազանց վստահել այդ խոստովանություններին: Նավթային բումի տարիներին տնտեսական ցուցանիշները հաջողության չափանիշ էին: Հիմա ամեն ինչ փոխվել է: Նորությունները վատն են: Եկամուտները նվազում են երկրորդ տարին անընդմեջ: Ինֆրակառույցները սարսափելի վիճակում են, ներդրումները չորս տարի է՝ կրճատվում են: Մարդիկ կորցնում են աշխատանքը, Ռուսաստանը կորցնում է տաղանդներին: Եթե նույնիսկ ոմանք ընդունում են, որ այդ երևույթները անհաջողությունների վկայություն են, նրանք, որպես կանոն, այդ անհաջողությունների մեղավոր Պուտինին չեն համարում: Արդյունքները գուցե տպավորիչ չեն, բայց լուծումներ չեն տրվում: «Գլխապտույտ հաջողություններից» արտահայտությունը կարող է օգնել պատճառները հասկանալուն: Ցանկացած ռուս այդ արտահայտությանը լավ ծանոթ է՝ 1930-ից, երբ Իոսիֆ Ստալինը գրեց իր հայտնի աշխատությունը կոլեկտիվացման բուռն շրջանում: Երբ Ստալինը գրում էր հաջողությունների մասին, երեք միլիոն գյուղացիներ բունտեր էին անում: Միլիոնները մեռնում էին աքսորներում ու սովից: Երկրի գյուղատնտեսությունն այդպես էլ չվերականգնվեց, բայց առաջնորդը ավելի քան հանրաճանաչ էր: ՈՒղիղ զուգահեռ Ստալինի ու Պուտինի միջև չկա, բաց նրանք, կարծես, ղեկավարվում են նույն հրահանգով «ինչպես դառնալ հաջողակ ավտոկրատ»: Իրոք, եթե լիներ կրեմլյան կառավարման արվեստը նկարագրող գաղտնի դասագիրք, երեք կանոններ հաստատ կներառեր, որ հաջողությամբ կիրառում են երկու ղեկավարներն էլ: Առաջին կանոնը պահանջում է սեփական անձին վերագրել բոլոր հաղթանակները՝ անկախ ով և ինչն է տեսանելի հաջողություն բերել: Հաղթանակը պատերազմում, որ ձեռք բերեց ժողովուրդը անհնար գնով, պետք է վերագրվի ղեկավարին: Բարգավաճումը, նույնիսկ մայր բնության և շուկայական ուժերի հաշվին, ղեկավարի ձեռքբերումն է:
Երկրորդ կանոնը հաստատում է, որ ձախողումները պետք է վերագրել ենթականերին կամ արտաքին ուժերին:
Երրորդ կանոնը «կուսակցության գիծը» ձևափոխելու ունակությունն է: Այսօր Հիտլերը թշնամի է, վաղը՝ բարեկամ, հետո՝ նորից թշնամի: Այսօր ձախ ուժերը կուսակցության թշնամին են, վաղը՝ լավագույն բարեկամները: Պուտինն ապացուցել է, որ տիրապետում է երեք կանոններին էլ: Նա իրեն վերագրեց տնտեսական աճի հաջողությունը՝ ի հաշիվ նավթի գնի: Երբ տնտեսությունը փլուզվեց, նա մեղքը բարդեց նախարարների կամ Արևմուտքի վրա: Նա սովորել է գլխապտույտ ճարպկությամբ փոփոխել «կուսակցության գիծը»: Սիրիան հաջողության այդ պատմություններից է, որը ցարը վերագրում է իրեն, մինչդեռ մնացածը ստիպված են հաղթահարել ծանր հետևանքները: Միայն այդպես նա կարող է մնալ հանրաճանաչ, մինչդեռ ազգային տնտեսությունը շարժվում է դեպի ոչ մի տեղ:
The New York Times


Հ.Գ. Կա նաև չորրորդ կանոնը, որի մասին Մաքսիմ Տրուդոլյուբովը չի գրել, բայց հաստատ գիտի՝ ինչպես անել, որ հաջողություններից պտտվեն ուրիշների գլուխները, երբեք՝ սեփականը: Այդպես կործանվում են կայսրությունները, իսկ հռչակը պահպանվում է:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2032

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ